1 Samuel 6
1 Եվ Տիրոջ տապանակը յոթ ամիս մնաց փղշտացիների երկրում։
2 Եվ փղշտացիները կանչեցին քրմերին ու գուշակողներին և ասացին. «Ի՞նչ անենք Տիրոջ տապանակը. մեզ մի խորհո՛ւրդ տվեք, թե ինչպես այն ուղարկենք իր տեղը»։
3 Նրանք էլ ասացին. «Եթե Իսրայելի Աստծու տապանակը պիտի ուղարկեք, դատարկ չուղարկեք այն, այլ անպատճառ հանցանքի ընծա՛ մատուցեք նրան և այն ժամանակ կբժշկվեք, և ձեզ հայտնի կլինի, թե ինչո՛ւ նրա ձեռքը չի հեռանում ձեզանից»։
4 Նրանք ասացին. «Ո՞րն է հանցանքի այդ ընծան, որ մատուցենք նրան»։ Եվ նրանք ասացին. «Ըստ փղշտացիների նախարարների թվի՝ հինգ ոսկե թանչքի ուռուցքներ և հինգ ոսկե մկներ են. քանզի միևնույն հարվածն էր իջել ձեզ բոլորիդ վրա և ձեր նախարարների վրա։
5 Ուրեմն շինե՛ք ձեր թանչքի ուռուցքների պատկերները և ձեր երկիրն ավերող մկների պատկերները և փա՛ռք տվեք Իսրայելի Աստծուն. գուցե կարելի է, որ նա իր ձեռքը թեթևացնի ձեր վրայից, ձեր աստվածների վրայից և ձեր երկրի վրայից։
6 Եվ ինչի՞ համար եք ձեր սրտերը խստացնում, ինչպես իրենց սրտերը խստացրին եգիպտացիներն ու փարավոնը. չէ՞ որ Աստծու՝ նրանց մեջ հրաշագործություններ անելուց հետո միայն նրանք թույլ տվին նրանց, որ գնան։
7 Ուրեմն մի նոր սա՛յլ շինեք և կաթնատու երկու երի՛նջ առեք, որոնց վրա բնավ լուծ դրված չլինի, և երինջները լծե՛ք սայլին ու իրենց հորթերն էլ նրանց հետևից ե՛տ տարեք տուն։
8 Վերցրե՛ք Տիրոջ տապանակն ու այն դրե՛ք սայլի վրա և այն ոսկե անոթները, որ դուք ձեր հանցանքի համար նրան ընծա պիտի տաք, փոքրիկ մի արկղով դրե՛ք նրա մի կողքին և ճանապարհե՛ք, որ գնա։
9 Եվ նայե՛ք. եթե իր սահմանի ճանապարհով նա Բեթսամյուս է գնում, ապա նա է մեզ այս մեծ չարիք անողը, իսկ եթե ոչ, ապա իմացե՛ք, որ նրա ձեռքը չէ մեզ դիպել, այլ այս բանը դիպվածով է պատահել մեզ»։
10 Եվ այդ մարդիկ այդպես էլ արին. կաթնատու երկու երինջ վերցրին, նրանց լծեցին սայլին և նրանց հորթերին փակեցին տանը։
11 Եվ Տիրոջ տապանակն ու ոսկե մկների և իրենց թանչքի ուռուցքների պատկերների փոքրիկ արկղը դրեցին այդ սայլի վրա։
12 Եվ երինջները ճանապարհ ընկան ուղիղ Բեթսամյուսի ճամփան և չխոտորվեցին դեպի աջ կամ ձախ կողմը, այլ ուղիղ էին գնում ու բառաչում։ Եվ փղշտացիների նախարարները մինչև Բեթսամյուսի սահմանը գնում էին նրանց ետևից։
13 Բեթսամյուսացիները հովտում ցորենի արտ էին հնձում. իրենց աչքերը բարձրացրին ու տապանակը տեսան. ուրախացան, որ տեսան։
14 Եվ սայլը մտավ բեթսամյուսացի Հեսուի արտն ու կանգնեց այնտեղ. և այնտեղ մի մեծ քար կար, և սայլի փայտերը ջարդեցին ու այն երինջները ողջակեզ մատուցեցին Տիրոջը։
15 Եվ ղևտացիներն իջեցրին Տիրոջ տապանակն ու նրա հետ եղած ոսկե անոթների փոքրիկ արկղը և դրեցին այն մեծ քարի վրա, և այդ նույն օրը Բեթսամյուսի մարդիկ ողջակեզներ ու զոհեր մատուցեցին Տիրոջը։
16 Եվ փղշտացիների հինգ նախարարները տեսան այդ և նույն օրն էլ վերադարձան Ակկարոն։
17 Եվ թանչքի այն ոսկե ուռուցքները, որ փղշտացիներն իրենց հանցանքի ընծա էին տվել Տիրոջը, սրանք էին. մեկը Ազովտոսի համար էր, մեկը՝ Գազայի համար, մեկը՝ Ասկաղոնի համար, մեկը՝ Գեթի համար, մեկն էլ՝ Ակկարոնի համար։
18 Եվ ոսկե մկները փղշտացիների հինգ նախարարությունների բոլոր քաղաքների թվով էին, պարսպապատ քաղաքից մինչև անպարիսպ գյուղը, մինչև այն մեծ քարը, որի վրա դրվեց Տիրոջ տապանակը, և որը մինչև այսօր կա բեթսամյուսացի Հեսուի արտում։
19 Եվ Տերը հարվածեց Բեթսամյուսի մարդկանց, որովհետև նրանք նայեցին Տիրոջ տապանակի ներսը. ժողովրդից հիսուն հազար յոթանասուն մարդ սպանեց, և ժողովուրդը սգի մեջ էր, քանի որ Տերը մեծ կոտորած արեց ժողովրդի մեջ։
20 Եվ Բեթսամյուսի մարդիկ ասացին. «Ո՞վ կարող է կանգնել այս սուրբ Աստծու՝ Տիրոջ առաջ, և ո՞ւմ մոտ պիտի գնա մեր մոտից»։
21 Ապա Կարիաթարիմի բնակիչների մոտ պատգամավորներ ուղարկեցին, որ ասեն. «Փղշտացիները Տիրոջ տապանակը ետ են բերել, իջե՛ք և այն տարե՛ք, վե՛ր բարձրացրեք ձեզ մոտ»։